Ասորիներ

    Ասորիները հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին  Առաջավոր  Ասիայում լայնորեն  տարածված  և  գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող  արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է:  Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ  լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև  Հիսուս Քրիստոսը: 

  Ասորիները ներկայումս  բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարի տվյալների/ ՀԽՍՀ-ում:  2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանք խոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պես պատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828  թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն  հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա,  Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարի ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի  Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը  հաստատվեցին Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում  և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Ռուսաստանում, ինպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները  ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող  ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում  ուղղափառ և  կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան  եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:

  Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով  նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում  է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն  և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:                             

 Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում`  նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *