Գրիգ , Պուճուր մարդը

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
– Ձե՞ր գործերն են,- հարցրի:
– Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
– Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
– Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
– Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
– Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
– Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
– Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
– Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
– Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
– Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
– Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
– Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: – Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *