Վահան Տերյան

Տերյան ՎահանՏերյան Վահան   1885 թ., գ. Գանձա (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում)1920 թ., Օրենբուրգ, Ռուսաստան (1970 թ-ին այնտեղից հող է բերվել և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում)Վ. Տերյանի տուն-թանգարանը Գանձայում (կիսանդրին` 1960 թ., քանդակագործ` Հրաչ Սաչլյան) Վ. Տերյանի կիսանդրին Երևանում` նրա անվան դպրոցի առջև (1965 թ., քանդակագործ՝ Արշամ Շահինյան)Վ. Տերյանի ձեռագիրըՎահան Տերյանը XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը: Տերյանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1910–12 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից: 1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք: 1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը: Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն).
Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝Դարձի՜ր իմ մոտ, վերադարձի՜ր դու նորից,–Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝Չի կամենալ նա վերստին քեզ տանջել…
Հետագա՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Փշե պսակ», «Վերադարձ», «Կատվի դրախտ», «Ոսկե շղթա» շարքերում, որոնք «Մթնշաղի անուրջների» հետ ամփոփվել են «Բանաստեղծությունների» առաջին հատորում (1912 թ.), Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշուն», «Չգիտեմ այս տխուր աշխարհում…», «Շշուկ ու շրշյուն» և այլն):Տերյանը բողոքում է ապականված աշխարհի դեմ, որտեղ «անհաս ցնորք» կինը գնվում է ոսկով («Ինձ չես սիրում»), քաղքենի տաղտուկի մեջ փշրվում են մարդու երազանքները («Կարուսել»): Բանաստեղծն ստեղծում է սիրո և գեղեցկության իր իդեալը՝ որպես փարոս կյանքի մթին ուղիներում.
Ե՜վ տանջանք, և՜ բեկում, և՜ թախիծ –Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ.Անունդ թող փարոս լինի ինձՍուտ կյանքի և դառը մահու դեմ…
«Բյուր մարդոց մեջ» միայնության զգացումով տառապող բանաստեղծը փայփայում է պայծառ հույսեր, երազում դյութական մի հովիտ, ուրիշ մի աշխարհ («Արևածագ», «Վերադարձ» և այլն):«Երկիր Նաիրի» (1915–17 թթ.) շարքում բանաստեղծը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին, ստեղծել է ուրույն փիլիսոփայություն Հայաստանի հոգևոր հարստության, անցյալի, ներկայի և գալիքի մասին: «Մի՞թե վերջին պոետն եմ ես…» բանաստեղծության մեջ, երգելով իր պայծառ Նաիրին, նրա բոցե վարդերը, աղոթքի պես հնչող արքայական լեզուն, Տերյանը տագնապում է հայրենիքի վաղվա օրվա համար.
Ահով ահա կանչում եմ քեզ՝Ցոլա՜, ցնորք Նաիրի.–Մի՞թե վերջին պոետն եմ ես,Վերջին երգիչն իմ երկրի…
1918 թ-ին Տերյանը շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներում, սատարել եղեռնապուրծ հայ գաղթականությանը, գրել հոգեցունց բանաստեղծություններ («Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ…», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլն), ողբացել հազարամյակների խորքից եկած, ուղեմոլոր, հուսահատ ու վիրավոր իր ժողովրդի անամոք վիշտը:Այդուհանդերձ, նա հույսով ու հավատով է նայում գալիքին.
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթՀավատում է դեռ քո առավոտին:
Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունական կազմություն, շարունակել հայ պոեզիայում հազարամյա պատմություն ունեցող բաղաձայնույթի (ալիտերացիա) և նմանաձայնության ավանդույթը, առաջինն է գրել սոնետ և  տրիոլետ, զարգացրել գազելը (բանաստեղծության ձևեր են): Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են  նամակները:Երևանում գործում է «Տերյան մշակութային կենտրոնը», որի ջանքերով լույս է ընծայվել Տերյանի բանաստեղծությունների «Ընտրանին» (2005 թ.) և «Տերյան. հանրագիտարանը» (2010 թ.): Տերյանի բանաստեղծությունների խոսքերով գրել են բազմաթիվ երգեր (Նիկոլ Գալանդերյան, Էդգար Հովհաննիսյան և ուրիշներ):Երևանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի հուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տերյանական պոեզիայի օրեր: 
   «Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է»:   «Մշակույթը որպես սերնդից սերունդ փոխանցվող մի բան՝ իր մեջ պարունակում է ազգային բոլոր գծերը»:   «Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը»:   «Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:   «Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ»:Վահան Տերյան«…Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՛տ եսՄորմոքող հրի պես մեր հիվանդ արյան,Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛, Վահան Տերյան…»:Եղիշե Չարենց, բանաստեղծ
   «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:Պարույր Սևակ, բանաստեղծ   «Նա (Տերյանը) մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:Ավետիք Իսահակյան, բանաստեղծ
   «Նա (Տերյանը) հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթմեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:Վալերի Բրյուսով, ռուս գրականագետ, թարգմանիչ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *